ՄԱԿ-ի ԱԽ նիստն ավարտվեց՝ ինչպես պիտի ավարտվեր՝ առանց արդյունքի, առանց բանաձև ընդունելու Սիրիայի Իդլիբ նահանգում ենթադրյալ գազային հարձակման մասին: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի առաջարկած «մեղադրական» բանաձևը չքվեարկվեց: «Այս փուլում բանաձև ընդունելու առանձնահատուկ անհրաժեշտություն մենք չենք տեսնում»՝ հաղորդեց ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհուի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր «Ում դեմ էլ լինի՝ անհիմն մեղադրանքների առաջադրման անթույլատրելիության մասին՝ նախքան անկողմնակալ և մանրամասն միջազգային հետաքննությունը»: Դա իրոք անհրաժեշտ է՝ նախքան տիեզերական աղմուկ բարձրացնելը՝ մեղադրելով բոլոր մեղքերում Մոսկվային ու Դամասկոսին: Ռոբերտ Պերին Consortiumnews-ում գրում է. «ԱՄՆ կառավարությունը և մեյնստիմային ԶԼՄ-ները նորից շտապեցին չապացուցված դատողություններ անել՝ մեղադրելով Սիրիայի նախագահին քիմիական զենք կիրառելու մեջ սեփական ժողովրդի դեմ, պահանջելով նրան հեռացնել իշխանությունից՝ անտեսելով հնարավոր այլ տարբերակները»: Իրոք, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինչի՞ն էր պետք իրեն հարվածի տակ դնել, երբ նախօրեին Վաշինգտոնը դադարել էր նրա հեռացումը համարել սիրիական կոնֆլիկտի հանգուցալուծման պայման: Բայց այդ դիրքորոշումը ձեռնտու չէր ԱՄՆ շատ գործընկերների՝ և Եվրոպայում, և Մերձավոր Արևելքում: Որոշ փորձագետներ ենթադրում են սադրիչ սցենարի իրականացում, որ փոխեն տարածաշրջանում իրադարձությունների ընթացքը:
Դա էլ կատարվեց: Բոլոր հնարավոր տարբերակներից Պերին առաջարկում է գլխավորը համարել՝ կամ սիրիական ինքնաթիռները ռմբակոծել են ապստամբների պահեստները՝ չենթադրելով, որ այնտեղ կարող է պահվել նյարդակաթվածահարող գազ, կամ սադրանքը սարքել են Ալ Կայիդայի ջիհադիստները, կամ զարինը Սիրիա է բերվել Թուրքիայից՝ քրդերի դեմ օգտագործելու կամ Դամասկոսում ահաբեկչություն կազմակերպելու համար: Այս բոլոր գործոնները պետք է մանրամասն ուսումնասիրվեն եզրակացություն անելու համար, ոչ թե հակառակը՝ գրում է Պերին: Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրեց Բաշար Ասադին քիմիական գրոհի մեջ: Միաժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կատարվածը «հատեց կարմիր գիծը», ու հավելեց, որ «անմեղ մանուկների մահը» իրեն ստիպեց փոխել իրավիճակի գնահատականը Սիրիայում և կարծիքը նախագահի մասին, թեպետ նախկինում ինքը իշխանությունից նրան հեռացնելու գաղափարը համարում էր հիմար: Շատերին անհանգստացրեց ոչ միայն դատողություններ փոխելու, այլև կոնկրետ գործողությունների արագությունը: The New York Times-ը գրում է՝ եթե 2013-ին նման իրավիճակում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հրաժարվեց Սիրիան հրթիռակոծել, Սպիտակ տան ներկա ղեկավարը արեց քայլ, որ բոլոր կանոններով ագրեսիա է ինքնիշխան երկրի դեմ: Թրամփի հրամանով ԱՄՆ-ի զինվորականները 50−60 թևավոր «Թոմահավկ» հրթիռներով ռմբակոծեցին Սիրիայի կառավարական զորքերի ավիաբազան, որտեղ ինքնաթիռներն էին, որոնք իբր քիմիական գրոհ էին իրականացրել: Առայժմ պարզ չէ՝ կդառնա՞ դա Մերձավոր Արևելքում ԱՄՆ նոր մասշտաբային ռազմական գործողության սկիզբ: Ակնհայտ է, որ այս փուլում նախագահ Թրամփը զամբյուղը նետեց Մերձավոր Արևելքում նոր քաղաքականության սցենարը՝ գործակցելով Ռուսաստանի, հեռանկարում նաև Իրանի հետ, ԻՊ-ի դեմ պայքարում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջիկա բանակցությունները Մոսկվայում, եթե, իհարկե, կայանան, հեշտ չեն լինելու: Ռուսաստանը կասեցրեց հուշագրի գործունեությունը՝ ԱՄՆ-ի հետ միջադեպերից խուսափելու համար, սիրիական ավիաբազայի վրա ԱՄՆ հարձակումից հետո և ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ արեց արտակարգ նիստ գումարել իրավիճակը քննարկելու համար: Փոխարենը Վաշինգտոնի դեմարշը հիացմունքով ընդունեցին նրա որոշ դաշնակիցներ Մերձավոր Արևելքում: Սկսեց ամրանալ և Թուրքիայի ձայնը: Նա հիացած է, որ իրեն հաջողվեց հասնել Ասադին աջակցելուց ԱՄՆ-ի հրաժարվելուն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ամեն ինչով աջակցում է Թրամփի նախաձեռնությունը, եթե նրա ասածները «Սիրիայում ռազմական միջամտության մասին» միայն բառեր չեն մնա և հաղորդեց, որ այդ թեմայով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Սակայն եթե հարգարժան Պուտինը մինչև հիմա, չնայած երեք օր է անցել, չի կարողացել հասկանալ՝ այդ գրոհի հետևում Ասադն է, թե ոչ, դա մեզ տխրեցնում է»՝ հավելել է Էրդողանը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գտնում է, որ Մոսկվայի համար աջակցել Դամասկոսին, երբ նա «կիրառում է» քիմիական զենք, ծայրահեղ սխալ է: Հիմա Անկարայի խնդիրն է, որ Վաշինգտոնից հասնի սիրիացի քրդերին պաշտպանելուց հրաժարվելուն: Չավուշօղուի խոսքով՝ «երկու գերտերությունները՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ը, մրցում են սիրացի քրդերի կազմակերպությունները վերահսկելու համար»: Միևնույն ժամանակ՝ Մոսկվան Թուրքիայի համար մնում է արժեքավոր գործիք՝ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար:
Միով բանիվ՝ Մերձավոր Արևելքի պատկերը սկսել է կտրուկ փոխվել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի առավել բացահայտ դարձող դիմակայության պատճառով: Բայց գլխավորը՝ Սպիտակ տունը տարածաշրջանում իր գործողությունները վերաուղղել է ԻՊ-ից Դամասկոսի դեմ: Թրամփը սկսել է խաղ կրակի հետ, և պետք է հստակեցնել գործոնները, որ նրան այդ վիճակին են հասցրել:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Հ.Գ. The Guardian-ում Սայմոն Ջենկինսը գրում է. «Թրամփին շոկի են մատնել քիմիական գրոհից զոհված երեխաների կադրերը: Դրանից հետո նա եզրակացրեց, որ Ասադի ռազմական մեքենան արժանի է ոչ միայն խոսքերով, այլև առավել ծանրակշիռ պատժի»: Այդ էկզեկուցիան կարող է ԱՄՆ-ի քթից գալ. 1982-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը համարյա նույն կերպ արձագանքեց Լիբանանի Սաբրա և Շատիլա ճամբարներում փախստականների զանգվածային սպանությանը: «Ինչի՞ էր իրոք ցանկանում հասնել Ռեյգանը, մենք չգիտենք՝ յանկիների ուժը ցուցադրել կամ իրոք դադարեցնել ռազմական գործողությունները: Փոխարենը լավ գիտենք՝ ինչ ստացվեց՝ ԱՄՆ-ի ծովային հետևակները խրվեցին քաղաքացիական պատերազմի մեջ, որն օտարը Մերձավոր Արևելքում երբեք չի կարող հաղթել: ԱՄՆ-ի զինվորները ստիպված էչն հեռանալ: Թեպետ ճիշտ կլիներ անվանել՝ փախան»: Ջենկինսը եզրակացնում է. «Հակաասադյան կոալիցիան պիտի ընդունի իր պարտությունը: ԻՊ-ի բանակը պետք է ջախջախվի: Ռուսաստանը բավականաչափ պրագմատիկ վարվեց՝ խաղադրույքը պատերազմի այդ ելքի վրա դնելով: Ինչքան ուզում եք կարող եք խոսել, որ Մոսկվան «իր գործն անում է անշնորհք ու նույնիսկ կացնի նման» (ԱՄՆ պետքարտուղարի խոսքից), այնուհանդերձ՝ դա համապատասխանում է իրականությանը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն քանիցս փորձել են օգնել ընդդիմությանը, բայց իրականում դա պարզապես կոպիտ ֆարս էր՝ Արևմուտքը, անկեղծ ասած, առանձնապես հետաքրքրված չէ սիրիական պատերազմով և նրա միջամտությունը միայն երկարացնում է կոնֆլիկտը: Կոալիցիայի ևս մեկ ռմբակոծությունը Սիրիայում ոչինչ չի որոշում»:
Գուցե երեք օր անց էլ Պուտինը չի հասկանում՝ ո՞վ է քիմիական գրոհի հեղինակը, որովհետև չի պատկերացնում, որ ՛՛եղբայր Էրդողանը՛՛ հերթական գոտկատեղից ներքև հարվա՞ծը հասցրեց: Վարկածներից մեկն էլ դա է: Իսկապես Բաշար Ասադի ինչի՞ն էր պետք քիմիական գրոհը, որով ռազմական խնդիր չէր լուծում, իսկ քաղաքական կորուստները ակնհայտ են: Թուրքերը իրենց ներքաղաքական կայունության խնդիրն են լուծում Սիրիայում: Քաղաքական ամենամեծ շահաբաժինը Դոնալդ Թրամփինն է՝ նրա վարկանիշը սրընթաց անկում էր ապրում, իսկ հիմա հայրենակիցները նրա մեջ նորից կտեսնեն ԱՄՆ-ի պատիվը բարձր պահող նախագահի, որ ստաձնել է պատժիչի դերը: Ինչո՞վ է հանրապետական նախագահը տարբերվում դեմոկրատից՝ Օբաման ոչ Սիրիան ռմբակոծելու հրաման տվեց, ոչ Իրանի դեմ պատերազմ սկսեց: Թրամփի գործողությունները ոչ ոք չի կարող կանխատեսել: Նա հուզական է, անփորձ, ինքնասիրահարված: Ու մինչ մեծ ու փոքր տերութունները իրենց շահերն են առաջ մղում, մեռնում են սիրիացիները: Գուցե նախ պետք է Սիրիայից հեռացնել Թուրքիայի՞ն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ